Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
Համագործակցության պայմանագիր Հայփոստի եւ ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի միջեւ

Համագործակցության պայմանագիր Հայփոստի եւ ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի միջեւ

Այսօր` հուլիսի 18-ին ստորագրվեց համագործակցության պայնագիր Հայփոստի եւ ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի միջեւ, ըստ որի "ՀայՓոստ"-ի վերանորոգված և արդիականացված բաժանմունքներում ստեղծվում են հարկ վճարողների սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են Պետական Եկամուտների Կոմիտեի ներկայացուցիչներ: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, "Հայփոստ Թրասթ Մենեջմենթ"-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, "Հայփոստ" ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով` Հայփոստը եւ Պետական Եկամուտների Կոմիտեն համընթաց քայլ են կատարում աշխարհում ընթացող գործընթացների հետ, քանի որ օր-օրի ավելանում է ինտերնետ- վաճառքների քանակը եւ այս պայմանագիրը հնարավորություն է տալիս ավելի արդիական սպասարկում իրականացնել հայփոստի բաժանմունքներում: Գագիկ Խաչատրյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայփոստի ցանցի օգտագործմամբ, Պետական Եկամուտների Կոմիտեն ինքն է գնում դեպի բնակչությունը, ավելի հասանելի դառնալով հարկ վճարողների համար:

Հայփոստում Պետական Եկամուտների Կոմիտեի ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը: Իսկ սպասարկման կետերում տեղադրված տերմինալների միջոցով Պետական Եկամուտների Կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կարող են նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել:

Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում միաժամանակ օգտվել ինչպես ՊԵԿ, այնպես էլ «ՀայՓոստ»-ի ծառայություններից: Այսպիսով, սպասարկման կետերի քանակի և աշխարհագրական տեղաբաշխվածության ընդլայնումը թույլ կտա այդ ծառայություններից օգտվող հարկ վճարողներին խնայել բավականին ժամանակ և միջոցներ:

Այս համագործակցությունը համահունչ է "Հայփոստ Թրասթ Մենեջմենթ"-ի ստրատեգիական ծրագրերին: Մինչեւ 2013թ. ավարտը "Հայփոստ"-ի նորոգված բաժանմունքների թիվը ողջ հանրապետությունում կանցնի 200-ից: Միաժամանակ 2013թ. "Հայփոստ Թրաստ Մենեջմենթ"-ը կիրականացնի խոշոր փոստային եւ կոմերցիոն ծրագրեր "Լա Փոստի", "Փոստե Իտալիանեի" և "Պոչտա Ռոսսիի" հետ: Կիրականացվեն փոստային առաքանիների լոգիստիկ պրոցեսների վերակազմավորում, արագ դրամական փոխանցումների նոր համակարգերի ներդրում, ծրագրային լուծումների նոր համակարգերի ներդրում, ավտոմեքենաների շարժակազմի թարմացում, փոստբանկային ծառայությունների ներդրում, կատալոգային վաճառքների ընդլայնում եւ այլն:

Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը`մարզերում: Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Հայփոստ Թրասթ Մենեջմենթ
Հայփոստ ՓԲԸ

Ֆոտոալբոմ (1)