COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Նվիրաբերել

Նորություններ Նորություններ
Արդեն բոլոր գյուղերի բնակիչները կկարողանան դեղորայք պատվիրել Հայփոստի փոստային բաժանմունքներում

Արդեն բոլոր գյուղերի բնակիչները կկարողանան դեղորայք պատվիրել Հայփոստի փոստային բաժանմունքներում

Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն արդեն կարող են դեղեր պատվիրել և առավելագույնը երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում:

Հայփոստը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության լիցենզիա: 2020թ. դեկտեմբերին Հայաստանի մարզերի 10 գյուղերում սկսվել էր պիլոտային ծրագիրը: Այսօր արդեն ծրագիրը գործում է բոլոր մարզերի բոլոր 757 փոստային բաժանմունքներում:

«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո ամռանը մեկնարկած Հայփոստի զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել ինչպես պետական, ֆինանսական, բանկային, այնպես էլ կոմերցիոն մի շարք ծառայություններ:

Էական է, որ Հայփոստում պատվիրված դեղերի գինը նույնն է, ինչ Երևանի դեղատներում:

«Այս նախաձեռնությունը բավական լուրջ սոցիալական խնդիր է լուծում մարզերի հատկապես գյուղական վայրերի բնակիչների համար: Սա է պատճառը, որ տասը գյուղական բնակավայրերում մեկուկես ամիս առաջ մեկնարկած պիլոտային ծրագիրը հնարավորինս արագ վերջնական տեսքի բերվեց և այժմ Երևանից բացի, բոլոր բնակավայրերի փոստային բաժանմունքներում հնարավոր է պատվիրել և առավելագույնը երեք օրում ստանալ այդ դեղորայքը տեղում: Երբեմն որոշ դեղորայք չի լինում նույնիսկ մարզկենտրոնի դեղատներում, երբեմն հնարավոր չէ ամենապարզ դեղերն անգամ ձեռք բերել, որովհետև տվյալ գյուղում չկա դեղատուն: Այժմ խնդիրը կլուծվի ընդամենը Հայփոստի բաժանմունք այցելելով և պատվիրելով անհրաժեշտ դեղորդայքը:

Ի դեպ, շատ շուտով Հայաստանում, Հայփոստի միջոցով հնարավոր կլինի դեղեր պատվիրել արտասահմանից, նույնիսկ բավական դժվար գտնվող և թանկարժեք դեղեր»,- նշում է Հայփոստի տնօրեն Հայկ Կարապետյանը: